Հարցեր քաղաքապետին
Հեղինակ՝ Սամվել Բեկթաշյան, գրառումը՝ Շաբաթ 03 Հոկտեմբերի 2009
Հարգելի՛ պարոն Նալբանդյան, Առաջարկում եմ սահմանել "Լավագույն երիտասարդ գործարար" ամենամյա մրցանակ: Այն երիտասարդների շրջանում որոշակի խթան կհանդիսանա հարազատ քաղաքում գործարարությամբ զբաղվելու համար:
Քաղաքապետ
«Լավագույն երիտասարդ գործարար» ամենամյա մրցանակ սահմանելու ձեր առաջարկությունն ընդունված է: Նպատակահարմար եմ համարում այն շնորհել «Քաղաքի օր» տոնակատարության օրը և ցանկանում եմ որ յուրաքանչյուր տարի մրցանակը գտնի իր տիրոջը:
Հեղինակ՝ Էնգելս և Դեբեդ թաղամասերի բնակիչներից, գրառումը՝ Կիրակի 04 Հոկտեմբերի 2009
Ալավերդու քաղաքապետ պ. Արթուր Նալբանդյանին Ալավերդի քաղաքի Էնգելս և Դեբեդ թաղամասերի բնակիչներից
Դիմում
Հարգելի քաղաքապետ, այսօր Դեբեդ և Էնգելս թաղամասերում փոքր տարիքի 50-ից ավելի երեխաներ չեն հաճախում մանկապարտեզ՝ թաղամասերում մանկապարտեզ չլինելու պատճառով: Մեր թաղամասերը գտնվում են քաղաքի ծայրամասում, բնակիչների 80%-ը սոցիալապես անապահով է և չի կարող օգտվել քաղաքում գործող մանկապարտեզներից: Ուստի խնդրում ենք Ձեզ աջակցել այս հարցում:
Դիմող՝ Էնգելս և Դեբեդ թաղամասերի բնակիչներ 04.10.2009թ.
Դիմումին կցվում են նաև բնակիչների ստորագրությունները:
Քաղաքապետ
Ալավերդում այսօր գործում է 6 նախադպրոցական հիմնարկ և եթե համեմատվենք այլ համայնքների հետ, ապա մեր համայնքի չափ բնակչություն ունեցող համայնքներն ունեն ընդամենը 2-3 մանկապարտեզ: Ներկայումս համայնքը ի վիճակի չէ ավելացնել մանկապարտեզների թիվը և մեր հիմնական նպատակն է եղածների պահպանումը և արդիականացումը, ինչպես դա արվեց թիվ 11, 13 մանկապարտեզներում և ծրագրված է կապիտալ վերանորոգում թիվ 14 մանկապարտեզում: Որևէ մեկը չի կարող վիճարկել երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու անհրաժեշտությունը, սակայն իրատեսական չէ դա անել նոր մանկապարտեզներ բացելու եղանակով: Հնարավոր եմ համարում տրանսպորտային ծախսերի որոշակի փոխհատուցման, սոցիալական աջակցության մեխանիզմներ կիրառելով /կախված ընտանիքների սոցիալական վիճակից/ հնարավորություն ստեղծել նշված թաղամասերի երեխաներին հաճախել գործող որևէ մանկապարտեզ: Մենք դա կքննարկենք 2010թ. բյուջեի նախապատրաստման ընթացքում և մեր առաջարկությունները կներկայացնենք ձեզ:
Հեղինակ՝ Ալավերդու երիտասարդ, գրառումը՝ Չորեքշաբթի 07 Հոկտեմբերի 2009
Պարոն Նալբանդյան հարցերս շատ են,բայց ավելի շատ հետաքրքրող հարցերիս կխնդրեի պատասխանեք...
1. Երբ հայտարարվեց, որ կա վտանգ Ալավերդու պղնձաձուլական գործարանի փակման տեղի իշխանություններն սկսեցին մտածել տուրիզմի զարգացման ուղղությամբ:Կուզենայի իմանալ, թե այս պահի դրությամբ ինչ կոնկրետ քայլեր եք ձեռնարկել այդ ոլորտի զարգացման համար:
2. Ինչու ամենամյա կազմակերպվող "Երիտասարդական երեկոյին" մասնակցում եւ կազմակերպում են նույն մարդիկ, հրավիրվում են նույն մարդիկ: Այդ դեպքում ինչպես եք մտածում մեր քաղաքի ողջ երիտասարդությանը ինտեգրել համայնքի կյանքին.....
Շնորհակալություն...
Քաղաքապետ
Վերջին շրջանում մեծ ուշադրություն ենք դարձնում զբոսաշրջության բիզնեսի զարգացմանը` համարելով այս ուղղությունը հեռանկարային և գրավիչ: Իսկ պղնձաձուլական գործարանի փակման վտանգն ընդամենը ևս մեկ անգամ ի ցույց դրեց ալտերնատիվ ճյուղերի զարգացման անհրաժեշտությունը: Անկախ նրանից կգործի թե ոչ «ACP» ընկերությունը, մենք շարունակելու ենք մեր ջանքերը այդ ուղղությամբ, քանի որ անթույլատրելի շռայլություն է ունենալով նման հարուստ պատմա-մշակութային ժառանգություն /բավարար է նշել միայն այն հանգամանքը որ Հայաստանից Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված 5 հուշարձաններից երկուսը մեր տարածաշրջանում են` Հաղպատ և Սանահին վանքային համալիրները/: Այս նպատակով սերտ համագործակցություն ենք հաստատել համապատասխան պետական և միջազգային կառույցների հետ: Երկարատև և դժվար աշխատանքների սկիզբը դրված է` սկսած կադրերի վերապատրաստումից, տեղեկատվական ծառայությունների մատուցումից, հյուրատների կազմակերպումից, ավարտած այլ ենթակառույցների աշխատանքների համակարգմամբ: Քաղաքապետարանում գործող «Բիզնեսի և զբոսաշրջության կենտրոնը» ևս ակտիվացրել է աշխատանքները /ավելի մանրամասն տեղեկությունների համար դիմեք կենտրոնին, հեռ.` 2-41-01, կամ այցելեք www.alaverdi.am կայքը/: Ինչ վերաբերվում է ամենամյա ուսանողական հավաքներին, ապա քաղաքապետարանի խնդիրն է ձևավորել հետաքրքրություն և շահագրգռվածություն մեր ուսանող երիտասարդների շրջանում քաղաքի հիմնախնդիրների և նրանց լուծման ուղիներ փնտրելու գործում: Քաղաքապետը և քաղաքապետարանը որևէ հրավերների հարցով չի զբաղվել, դա արվում է ուսանողների կազմկոմիտեի կողմից: Խորհուրդ կտամ ձեզ ակտիվություն դրսևորել, կապ հաստատել կազմկոմիտեի հետ և դուք ևս ցանկալի հյուր կլինեք ձեր առաջարկություններով և խորհուրդներով հանդերձ:
Հեղինակ՝ Ալավերդու բնակիչ, գրառումը՝ Կիրակի 11 Հոկտեմբերի 2009
Պարոն քաղաքապետ, ամբողջ քաղաքը հեղեղված է թափառող շներով ու կատուներով: Առանց այն էլ մեր քաղաքի սանիտարահիգիենիկ վիճակը շատ վատ վիճակում է, սրանք էլ մի կողմից.... Ինչ քայլեր են ձեռնարկվում այս խնդիրների համար:
Քաղաքապետ
Թույլ տվեք չհամաձայնել «քաղաքի սանիտարահիգիենիկ շատ վատ վիճակի» մասին ձեր պնդման հետ: Այսօր քաղաքի կոմունալ ծառայությունը տեխնիկապես բավարար հագեցված է և իրականացնում է փողոցների մաքրում և կենցաղային աղբի հեռացում ամեն օր: Այդ նպատակին համայնքային բյուջեից 2009թ. հատկացվել է ավելի քան 30 մլն դրամ: Այլ հարց է, թե մեր համաքաղաքացիները որքանով են հոգատար վերաբերմունք ցուցաբերում քաղաքի մաքրությանը և կատարում իրենց պարտականությունները: Բավարար է նշել միայն աղբահանության վարձավճարների հավաքագրման ցածր տոկոսը` 60%: Ինչ վերաբերում է թափառող շներին, ապա խնդիրն իսկապես առկա է, և մեր ջանքերը բավարար արդյունք չեն տվել դեռևս: Այդ ուղղությամբ անելիքներ ունենք և հավանաբար տեխնիկական նոր միջոցներ անհրաժեշտ կլինեն խնդիրն ավելի արդյունավետ լուծելու համար:



