Արդվի

Լոռու մարզի Արդվի գյուղը հանրապետության հնագույն գյուղերից է: Հայ մատենագրության եւ բանահյուսության մեջ այն կապվում է Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի /717-728/ անվան հետ: Արդվին նշանավոր է Սրբանեսի /Սուրբ Հովհաննեսի/ կամ Հովհան Օձնեցու վանքով, որը գտնվում է գյուղի հյուսիս-արեւմտյան մասում:
Արդվին Օձունից հեռու է 5-6, Ալավերդուց` 9 կմ: Լոռվա բոլոր գյուղերի նման այն շրջապատված է բարձրադիր անտառներով ու գույնզգույն ծաղիկների դաշտերով: Փոքրիկ բացատում հայտնվում են կղմինդրե տանիքներով միհարկանի տները: Գյուղը հնում կոչվել է Մելիքագյուղ կամ Մելիքաքյանդ: Սակայն ըստ պատմության` երբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն Օձուն գյուղից հեռանում է (նա միակ հայ կաթողիկոսն է, որը հրաժարվել է կաթողիկոսական գահից և ամբողջությամբ զբաղվել շինարարությամբ) անիծում է այդ գյուղը, և, Մելիք գյուղ գալով, ասում. «Արտվի` այսինքն Մելիքն առա և Օձունը տվի»:
718-728 թվականներին Օձնեցին Արդվիի մերձակայքում կառուցել է ճգնարան ու եկեղեցի: Սուրբ Հովհաննես վանքը կառուցված է խոշոր, անկանոն քարերից: Եկեղեցու հարևանությամբ զանգակատունն է: Վանահամալիրը լուռ հսկում է հարևանությամբ հանգչող Քալանթարյան ազնվական տոհմի գերեզմանոցը: 1902 թվականին Մելիք Քալանթարյանը նորոգել է Օձնեցու կառուցած եկեղեցին, պարսպապատել տարածքը և տանձենիներ տնկել: Երեք եղբայրները` Մելիք, Եգոր և Քալանթար Քալանթարյանները, սերել են իշխանական տոհմից:

Հայտնի “Օձի պորտը” գտնվում է այստեղ: Աղբյուրից ջուր խմելիս մի պահ սարսռում ես` այդքան մոտ զգալով իմաստուն կենդանու հայացքը: Օձի պատմությունը կապված է դարերի խորքից եկող մի լեգենդի հետ, որի մասին հպարտությամբ պատմում է գրեթե յուրաքանչյուր արդվեցի: Ասում են` մի կին հանդիպում է վիշապ օձերի և օգնություն է կանչում: Հովհաննես Օձնեցին ուղարկում է իր աշակերտներին: Յոթ աշակերտ գնում ու չեն վերադառնում: Օձնեցին ինքն է գնում: Նա աստվածաշնորհ մարդ է լինում, գավազանով հարվածում է օձին ու ասում. «Թող քո պորտից բուժիչ ջուր դուրս գա, իսկ ինքդ քար դարձիր»: Այդպես էլ լինում է: Իսկ այն, որ Օձի պորտից հոսող ջուրը ոսկի ու արծաթ է պարունակում, հաստատել են Երևանում գտնվող երկրաբանության ինստիտուտում: Արդվիում աղբյուրներ շատ կան, առավել հայտնի են Շեկ աղբյուրը, Տոտկաջուրը, Ծնկոյագլուխը: Նախկին գյուղը եղել է այսօրվա Արդվիից բավական ներքև` այնտեղ, որտեղ գտնվում է ավերված Կարմիր վանքը:
Սարերով շրջապատված այս գյուղը թաղված է կանաչի մեջ: Արդվին լքողները չեն կարող չվերադառնալ: Գյուղն իր մագնիսական ուժով հետ է կանչում մարդկանց: “Օձի պորտից” ջուր խմողները գայթակղվում են ընդմիշտ ու նորից վերադառնում:
Հարցում
Հայտնիները
Սուրեն Մուրադյան
Սուրեն Մուրադյանը հայտնի մանկագիր է, լրագրող: Հեղինակ է 77 անուն մանկական, քնարական, երգիծական եւ այլ գրքերի: Ծնվել է 1930թ. Ակներ գյուղում:
Գառնիկ Շախկյան
Գառնիկ Շախկյանը ճարտարապետու-
թյան դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի Ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ: Հեղինակն է Ծաղկաձորի՝ Գրողների ստեղծագործական տան եւ բազմաթիվ այլ կառույցների: Ծնվել է 1937թ. Շնող գյուղում:
Սվ. Նավասարդյան
Սվետլանա Նավասարդյանը համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի է, Հայաստանի Վաստակավոր արտիստուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Ծնվել է 1946թ. Ալավերդում:
Վլադիմիր Մսրյան
Վլադիմիր Մսրյանը ՀՀ ժողովրդական արտիստ է: “Նիկոլո Պագանինի” չորս սերիանոց ժապավենում ստանձնած գլխավոր դերի համար Մսրյանը ճանաչվել է “բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի”: Մանկությունն անց է կացրել Ալավերդում:
Ալեքսանդր Երիցյան
Ալեքսանդր Երիցյանը պատմաբան է: 1871-72 թվականների պեղումների հիման վրա նա է առաջինը ենթադրել բրոնզի դարի երկու տարբեր դարաշրջանների գոյությունն Անդրկովկասում: Ծնվել է 1841-ին Ալավերդում:
Սերգեյ Զատիկյան
Սերգեյ Զատիկյանը հայտնի դարպասապահ է, հաջողությամբ պաշտպանել է Երեւանի «Դինամո» եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբների դարպասը ԽՍՀՄ առաջնություններում: Մեկ ամբողջ մրցաշրջան գնդակ բաց չի թողել՝ նպաստելով թիմի վերադարձին բարձրագույն խումբ ու սահմանելով բացառիկ ռեկորդ: Ծնվել է 1925 թվականին Ալավերդում:



