1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>
Չորեքշաբթի Սեպտեմբեր 08

Գիտե՞ք արդյոք...

  • որ - Անաստաս եւ Արտեմ Միկոյանները ծնվել են Սանահինում:
  • որ - Դեբեդ գետը կազմվում է Ձորագետի եւ Փամբակի միացումից:
  • որ - Ալավերդին գունավոր մետալուրգիայի նշանավոր կենտրոն է:
  • որ - Հաղպատավանքը հիմնադրվել է 976թ. Աշոտ Գ-ի թագավորության օրոք:
  • որ - Ալավերդին նախկինում կոչվել է Մանես:
  • որ - Ալավերդու հատակագծման աշխանքները սկսվել են 1929-30թթ.
  • որ - 1801 թվականին Ալավերդին Վրաստանի հետ միացվեց Ռուսաստանին:
  • որ - 966թ. Սանահինում Խոսրովանույշ թագուհին հիմնեց համալսարան:
  • որ - Սանահինի կամուրջը կառուցվել է 1195թ. Վանենի թագուհու կողմից:
  • որ - 1931թ. հունիսի 11-ին լույս է տեսել «Պղնձի ֆրոնտում» թերթը:

Պատմաճարտարապետական տեղեկություններ

Ալավերդին և նրա շրջակայքը հարուստ են պատմաճարտարապետական հուշարձաններով: Դրանց մեջ առանձնանում են լայն ճանաչում գտած և համընդհանուր գնահատականի արժանացած խոշորագույն Սանահինի վանքային համալիրը և քարե կամուրջը:
Սանահինի վանքային համալիրը հայ միջնադարյան ճարտարապետական աչքի ընկնող համակառույցներից մեկն է և նշանակալից դեր է կատարել հայ հոգևոր և մշակութային կյանքում: Սանահինի վանքը հիմնադրվել է քաղկեդոնական դավանանքը մերժելու համար` բյուզանդական Ռոմանոս I կայսեր կողմից հալածական մի խումբ հայ կրոնավորների կողմից /10 դարի առաջին կեսին/:
Հայկական սկզբնաղբյուրներում Սանահինը հիշատակվում է 9-րդ դարից: Այս ճարտարապետական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Ամենափրկիչ, Սուրբ Գրիգոր և Սուրբ Հարություն եկեղեցիներից: Եվ կառուցվել է այն տեղում, ուր, ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում խաչ է կանգնեցրել: Սանահինի վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների և թալանի: Հուշարձանները կողոպտվել են սելջուկների /1064թ./, պարսկական /1104թ./ հրոսակախմբերի կողմից: Դրանք մեծ չափով տուժել են նաև տարերային աղետներից, հատկապես 1139թ. Երկրաշարժից: Սանահինի վանքում հայ դպրության գործին իրենց հարուստ գիտելիքներն են ի սպաս դրել մշակութային և կրոնական նշանավոր գործիչներ` Դիոսկորոս կաթողիկոսը, Անանիա, Հակոբ և Հովհաննես Սանահնեցիները, Գրիգոր Տուտեորդին, ենթադրվում է նաև մեծ փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Հոգևոր դպրոցի սաներից է եղել մեծ երգիչ Սայաթ-Նովան:
Լոռվա տարածքում սփռված մի քանի տասնյակաի հասնող միջնադարյան կամուրջների պսակը, նաև միջնադարյան Հայաստանի նշանակալից ինժեներական կառույցներից մեկը Սանահինի կամուրջն է: Ինչպես ասում են, այն ամենալավ պահպանվածն է հների մեջ և ամենամեծ թռիչք ունեցողն է պահպանվածների մեջ:
Կամրջի ձախակողմյան ծայրին երբեմնի գտնվող խաչքարի հակառակ երեսի արձանագրության համաձայն, կամուրջը 12-րդ դարի վերջին տասնամյակում կառուցել է տվել Զաքարե և Իվանե Ամիրսպասալար եղբայրների քույր` Վանենի թագուհին, իր վաղամեռիկ ամուսնու` Կյուրիկյան Աբաս թագավորի հիշատակին /մահացել է 1192-ին/: Կամուրջը միաթռիչք կամարով է` կառուցված մուգ կապտավուն բազալտե տաշված խոշոր քարերով: Կողերին բարձրացող պատերին կան պառկած առյուծների բարձրաքանդակներ: Կամուրջի մի ծայրը ամրացված է ժայռի, իսկ մյուս ծայրը` ամուր որմի վրա: Այն համարվում է ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Ակադեմիկոս Մառը բարձր է գնահատել կամուրջի ճարտաարապետական նշանակությունը, ինչի մասին 1915թ. գրել է իր ուսումնասիրությունում:
Կամուրջը տեղադրված է Դեբեդ գետի հունի նեղ և նպաստավոր ափեր ունեցող հատվածում: Բազալտակուռ կամուրջն իր ակնահաճո ուրվագծով, հորինվածքային ձևերով, քարատեսակով ու գույնով ձուլվում է գեղատեսիլ միջավայրին` կազմելով նրա անքակտելի մասը:
Իրենից պատմական մեծ արժեք է ներկայացնում նաև Սանահինի աղբյուրը, որի սառնորակ ջուրը բերված է Չաթին լեռան ընդերքից: Կառուցման ժամանակը ենթադրվում է 1255թ., որի համար հիմք է տալիս աղբյուրի պատին փորագրված Մխիթար քահանայի 1255 թվակիր նվիրատվական արձանագրությունը:
Ալավերդու շրջակայքում են գտնվում նաև Հաղպատի, Օձունի, Ախթալայի, Քոբայրի, Սեդվու վանքերը: Սրանք հիմնադրվել են 9-10-րդ դարերում և հանդիսացել են միջնադարյան Հայաստանի հոգևոր մշակույթի նշանավոր կենտրոններ: Վանքերի տապանաքարերի արձանագրությունները կարևոր տեղեկություններ են հաղորդում պատմական իրադարձությունների մասին:
2001 թ. «ACP» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վալերի Մեջլումյանի նախաձեռնությամբ կառուցվեց Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին, որը հնարավորություն ստեղծեց ալավերդցիների համար մասնակցելու մեր քրիստոնեական ծիսակատարություններին:

 

Հարցում

Պատրա՞ստ եք արդյոք տեսակավորել աղբը դեն նետելուց առաջ:

 

 

 


  Արդյունք

Եղանակ

Բյուջե-2010

Հայտնիները

Սուրեն Մուրադյան

Սուրեն Մուրադյանը հայտնի մանկագիր է, լրագրող: Հեղինակ է 77 անուն մանկական, քնարական, երգիծական եւ այլ գրքերի: Ծնվել է 1930թ. Ակներ գյուղում:

Գառնիկ Շախկյան

Գառնիկ Շախկյանը ճարտարապետու-
թյան դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի Ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ: Հեղինակն է Ծաղկաձորի՝ Գրողների ստեղծագործական տան եւ բազմաթիվ այլ կառույցների: Ծնվել է 1937թ. Շնող գյուղում:

Սվ. Նավասարդյան

Սվետլանա Նավասարդյանը համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի է, Հայաստանի Վաստակավոր արտիստուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Ծնվել է 1946թ. Ալավերդում:

Վլադիմիր Մսրյան

Վլադիմիր Մսրյանը ՀՀ ժողովրդական արտիստ է: “Նիկոլո Պագանինի” չորս սերիանոց ժապավենում ստանձնած գլխավոր դերի համար Մսրյանը ճանաչվել է “բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի”: Մանկությունն անց է կացրել Ալավերդում:

Ալեքսանդր Երիցյան

Ալեքսանդր Երիցյանը պատմաբան է: 1871-72 թվականների պեղումների հիման վրա նա է առաջինը ենթադրել բրոնզի դարի երկու տարբեր դարաշրջանների գոյությունն Անդրկովկասում: Ծնվել է 1841-ին Ալավերդում:

Սերգեյ Զատիկյան

Սերգեյ Զատիկյանը հայտնի դարպասապահ է, հաջողությամբ պաշտպանել է Երեւանի «Դինամո» եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբների դարպասը ԽՍՀՄ առաջնություններում: Մեկ ամբողջ մրցաշրջան գնդակ բաց չի թողել՝ նպաստելով թիմի վերադարձին բարձրագույն խումբ ու սահմանելով բացառիկ ռեկորդ: Ծնվել է 1925 թվականին Ալավերդում: