1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>
Հինգշաբթի Սեպտեմբեր 09

Գիտե՞ք արդյոք...

  • որ - Հաղպատավանքը հիմնադրվել է 976թ. Աշոտ Գ-ի թագավորության օրոք:
  • որ - Անաստաս եւ Արտեմ Միկոյանները ծնվել են Սանահինում:
  • որ - 1801 թվականին Ալավերդին Վրաստանի հետ միացվեց Ռուսաստանին:
  • որ - Ալավերդին գունավոր մետալուրգիայի նշանավոր կենտրոն է:
  • որ - Դեբեդ գետը կազմվում է Ձորագետի եւ Փամբակի միացումից:
  • որ - 966թ. Սանահինում Խոսրովանույշ թագուհին հիմնեց համալսարան:
  • որ - Սանահինի կամուրջը կառուցվել է 1195թ. Վանենի թագուհու կողմից:
  • որ - 1931թ. հունիսի 11-ին լույս է տեսել «Պղնձի ֆրոնտում» թերթը:
  • որ - Ալավերդու հատակագծման աշխանքները սկսվել են 1929-30թթ.
  • որ - Ալավերդին նախկինում կոչվել է Մանես:

Սանահին

Սանահինի վանքը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև XIդ. կեսը)։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան:

XIIդ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։

Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին` մատուռը։

Համալիրի հնագույն եկեղեցին` Ս.Աստվածածինը, կառուցվել է 928-944թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։

Ս.Աստվածածին եկեղեցուց հարավ Ամենափրկիչ եկեղեցին է վանքի գլխավոր տաճարը, որը 957-966թթ.-ին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը` Խոսրովանույշը։ Հայ միջնադարյան քանդակագործության արժեքավոր օրինակ է հանդիսանում արևելյան ճակտոնապատի վերին մասի կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Գուրգեն (Կյուրիկե) և նրա եղբայր` Անիի Սմբատ Տիեզերական թագավորները պահում են տաճարի մանրակերտը։ Հայկական միջնադարյան աշխարհիկ շինությունների եզակի նմուշ է վանքի ակադեմիան` Մագիստրոսի ճեմարանը։ Կառուցվել է Xդ. վերջին XIդ. սկզբին, Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիների միջև ընկած տարածքում։

Գրատունը (կոչվել է նաև նշխարատուն) շենքերի խմբի հյուսիս-արևելյան անկյունում է։ Կառուցվել է 1063թ.-ին` Դավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու միջոցներով։

Գրատան հարավ-արևելյան անկյունին կից է Ս.Գրիգոր եկեղեցին (Xդ. վերջ)։

Հորինվածքային տարբեր լուծումներ ունեն Սանահինի վանքի գավիթները։ Առավել պարզ է գրատան գավիթը, որը կառուցվել է XIIդ. վերջին - XIIIդ. սկզբին, գրատան հարավային պատին կից։ Ամենափրկիչ եկեղեցու գավիթը (ներքին գավիթ) կառուցվել է 1181թ.-ին (ճարտարապետ Ժամհայր)։ Այն չորս կենտրոնական, սյուներով գավիթների տիպի առավել վաղ օրինակներից է։ Հայկական գավիթների եզակի օրինակ է Ս.Աստվածածին եկեղեցու գավիթը (Մեծ գավիթ, Դրսի գավիթ), որը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1211թ.-ին։

Մեծ գավթի հյուսիսային պատին կից է Սանահինի վանքի զանգակատունը (Հայաստանի հնագույն օրինակներից է)։ Կառուցվել է 1211-1235թթ.-ին։ Դեկորատիվ հարդարանքով հատկապես աչքի է ընկնում արևմտյան ճակատը։ Վանքի տարածքից դուրս պահպանվել են Ս.Հակոբ եկեղեցու ավերակները (թվագրվում է Xդ. 2-րդ կես), Ս.Հարություն եկեղեցին (XIIIդ. 1-ին քառորդ)։ Սանահինում պահպանվել են երկու աղբյուր, մեկը` նախկին գյուղամիջում (XIIդ. վերջ - XIIIդ. սկիզբ, երկկամար բացվածքով` թաղածածկ սրահ է), մյուսը` վանքի հյուսիսային պարսպապատին կից (1831թ. միակամար բացվածքով)։

Միջնադարյան հայկական ճարտարապետության ինժեներական լավագույն կառույցներից է Սանահինի կամուրջը։ XIIդ. վերջին կառուցել է տվել Վանենի թագուհին։ Կամրջով է անցնում Սանահինի վանքը տանող ճանապարհը։ Միաթռիչք (թռիչքի երկարությունը 18,6մ), կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը` գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջի քարաշեն պատնեշի վրա առյուծների բարձրաքանդակներ են։

Սանահինի համալսարանը (Սանահինի դպրոց), միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնա-դաստիարակչական և գրչության կենտրոն էր։ Հիմնադրվել է 966թ.-ին` Աշոտ Գ Ողորմածի կնոջ` Խոսրովանույշ թագուհու պատվերով։ XIդ. 1-ին կեսին դպրոցում բացվել են հռետորական, փիլիսոփայական, երաժշտական, բժշկական վարժարանները, դասավանդվել «յոթ ազատ արվեստներ», տոմար և այլ գիտություններ։

Սանահինի համալսարանին կից ստեղծվել է նաև մատենադարան։ Այն ունեցել է հատուկ շենք, սակայն ապահովության համար ձեռագրերի մի մասը պահվել է անմատչելի քարայրներում։

Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար` վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում։ Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու (Ս.Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, 1184թ., գործ` Մխիթար Կազմիչի) և Սարգսի (Ս.Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատի տակ, 1215թ.) խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են։

Սանահինի արևելյան կողմում կանգուն են. Ս.Կարապետ եկեղեցին (Xդ. վերջ - XIդ. սկիզբ), արևմուտքում` բարձրադիր տեղում` Սարգսի մատուռը (XIIդ. վերջ - XIIIդ. սկիզբ)։

 

Հարցում

Պատրա՞ստ եք արդյոք տեսակավորել աղբը դեն նետելուց առաջ:

 

 

 


  Արդյունք

Եղանակ

Բյուջե-2010

Հայտնիները

Սուրեն Մուրադյան

Սուրեն Մուրադյանը հայտնի մանկագիր է, լրագրող: Հեղինակ է 77 անուն մանկական, քնարական, երգիծական եւ այլ գրքերի: Ծնվել է 1930թ. Ակներ գյուղում:

Գառնիկ Շախկյան

Գառնիկ Շախկյանը ճարտարապետու-
թյան դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի Ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ: Հեղինակն է Ծաղկաձորի՝ Գրողների ստեղծագործական տան եւ բազմաթիվ այլ կառույցների: Ծնվել է 1937թ. Շնող գյուղում:

Սվ. Նավասարդյան

Սվետլանա Նավասարդյանը համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի է, Հայաստանի Վաստակավոր արտիստուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Ծնվել է 1946թ. Ալավերդում:

Վլադիմիր Մսրյան

Վլադիմիր Մսրյանը ՀՀ ժողովրդական արտիստ է: “Նիկոլո Պագանինի” չորս սերիանոց ժապավենում ստանձնած գլխավոր դերի համար Մսրյանը ճանաչվել է “բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի”: Մանկությունն անց է կացրել Ալավերդում:

Ալեքսանդր Երիցյան

Ալեքսանդր Երիցյանը պատմաբան է: 1871-72 թվականների պեղումների հիման վրա նա է առաջինը ենթադրել բրոնզի դարի երկու տարբեր դարաշրջանների գոյությունն Անդրկովկասում: Ծնվել է 1841-ին Ալավերդում:

Սերգեյ Զատիկյան

Սերգեյ Զատիկյանը հայտնի դարպասապահ է, հաջողությամբ պաշտպանել է Երեւանի «Դինամո» եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբների դարպասը ԽՍՀՄ առաջնություններում: Մեկ ամբողջ մրցաշրջան գնդակ բաց չի թողել՝ նպաստելով թիմի վերադարձին բարձրագույն խումբ ու սահմանելով բացառիկ ռեկորդ: Ծնվել է 1925 թվականին Ալավերդում: